Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

«Ռուսները շահագրգիռ են արագորեն «ստանալ» Ղարաբաղի խնդրի լուծումը»

«Ռուսները շահագրգիռ են արագորեն «ստանալ» Ղարաբաղի խնդրի լուծումը»
11.11.2008 | 00:00

«ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՇԱՏ ԾԱՆՐ ՎԻՃԱԿԻ ՄԵՋ Է»
«Իրավունքը de facto»-ի հարցերին պատասխանում է քաղաքագետ ԵՐՎԱՆԴ ԲՈԶՈՅԱՆԸ
-Պարոն Բոզոյան, ամփոփենք Ղարաբաղով ստեղծված այսօրվա վիճակը:
-Իրավիճակի առանձնահատկությունը հետևյալն է. մինչև վերջին զարգացումները Ղարաբաղի խնդրի կարգավորման բանակցային գործընթացը փորձում էր ակտիվորեն տեղից շարժել Միացյալ Նահանգները, իսկ Ռուսաստանն այդ իմաստով որևէ շահագրգռություն չուներ:
-Ինչո՞ւ:
-Շատ պարզ. Հարավային Կովկասի հետ կապված՝ ԱՄՆ-ը կոնկրետ ծրագրեր ուներ, իսկ Ռուսաստանն այդպիսի հայեցակարգ չուներ: Սակայն վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ որոշակիացել է նաև Ռուսաստանի դիրքորոշումը: Ռուսաստանը մտավախություն ունի, որ տարածաշրջանում այնպիսի գործընթացներ տեղի կունենան, որոնց արդյունքում ինքն այնտեղ այլևս անելիք չի ունենա:
-Ինչպիսի՞ գործընթացներ:
-Ասենք` Վրաստանի հնարավոր անդամակցությունը Հյուսիսատլանտյան դաշինքին: Եթե հիշում եք, երբ ՆԱՏՕ-ն տարածվում էր դեպ արևելք (սկզբում «վերցրեց» Արևելյան Եվրոպայի երկրները, հետո` բալթյան), ճիշտ է, Ռուսաստանի մոտ մեծ դժգոհություն էր առաջանում, սակայն որոշ ժամանակ անց այն հանգչում էր: Իսկ ՈՒկրաինայի և Վրաստանի հարցում բոլորին էր պարզ` Ռուսաստանը չի բավարարվելու միայն «վրդովվել-հանգստանալու» ռեժիմով:
-Ինչո՞՛ւ:
-Շատ պարզ, եթե Վրաստանը դառնա ՆԱՏՕ-ի անդամ, ապա շատ կարճ ժամանակահատվածում դրան կհետևի նաև Ադրբեջանը, իսկ այդ դեպքում Հայաստանն արդեն ավտոմատ է հայտնվում ՆԱՏՕ-ում: Այդ իսկ պատճառով Ռուսաստանն ուղղակի ատամներ ցույց տվեց, մանավանդ վրացական դեպքերից հետո:
-«Ատամները` ատամներ», բայց բոլոր դեպքերում և ամեն վայրկյան Ռուսաստանը կարող է հայտնվել ֆորս-մաժորի առաջ. գլոբալ աշխարհում ֆինանսական ճգնաժամ է, նավթի գներն անկում են գրանցում, Բժեզինսկին Օբամայի խորհրդականն է, իսկ վերջինս տեսնում է «գուբերնիաների» բաժանված Ռուսիա և այդպես շարունակ: Ի՞նչ տվեց «ատամների» ցուցադրությունը Ռուսաստանին, երբ ամեն վայրկյան Ռուսաստանը կարող է հայտնվել «հատակում»:
-Սկզբունքորեն համաձայն չեմ. ֆինանսական ճգնաժամն ավելի մեծ ազդեցություն կունենա Արևմուտքի, քան Ռուսաստանի վրա, հատկապես` ԱՄՆ-ի վրա, որովհետև ֆինանսական ճգնաժամի սկզբնաղբյուրն ԱՄՆ-ն է` իր հիպոթեքային վարկավորման գործընթացով: Եվ մոտեցումը, թե հումքային երկրների, մասնավորապես Ռուսաստանի վրա այն ավելի մեծ ազդեցություն է թողնելու, փոքր-ինչ խաբկանք է, որովհետև ամերիկյան բարեկեցության կարծեցյալ փուչիկն այլևս և մեկընդմիշտ պայթել է:
-Լավ, բոլոր դեպքերում, ի՞նչ է ուզում Ռուսաստանը Հարավային Կովկասից, Հայաստանից, և ի՞նչ ադեկվատ պատասխան է տալիս դրան Հայաստանը:
-Միացյալ Նահանգները խնդիր է դրել Եվրոպան անջատել Ռուսաստանի էներգետիկ կախվածությունից, ստեղծել նոր կոմունիկացիներ: Սկզբում Բաքու-Ջեյհանն էր, հիմա արդեն` Նաբուկոն: Իսկ ի՞նչ արեց Ռուսաստանը. վերջինս, ըստ էության, երկու խոշոր ծրագիր կյանքի կոչեց` «Հյուսիսային հոսքը»` Գերմանիայի և «Հարավային հոսքը»` Իտալիայի գործընկերությամբ: Այսինքն` Ռուսաստանը եվրոպացիներին առաջարկում է մի այլընտրանք, որով փորձում է Եվրոպային ասել` տասնամյակներ շարունակ մենք համագործակցել ենք, և երբեք գազի կամ նավթի գործոնն օգտագործելով ճնշում չենք գործադրել ձեզ վրա, անգամ երբ ամենադաժան կոմունիստական ռեժիմ էր Ռուսաստանում: Իսկ Նաբուկոյի ծրագրին որպես այլընտրանք Ռուսաստանն առաջարկում է Թուրքիային և Ադրբեջանին` եվրոպական բանաձևով գազի գին:
-Գիտե՞ք, նույնիսկ ամերիկյան փորձագետները պնդում են, որ Ադրբեջանն այդ գնով կտա իր գազը Ռուսաստանին, որոշ փորձագետներ էլ դա բացառում են, ասելով` ԱՄՆ-ը թույլ չի տա:
-Նույն Ադրբեջանում այդ խնդիրը դեռ վերջնականապես լուծված չէ: Այնտեղ կարծիք կա, որ պետք է հրաժարվել Նաբուկոյից և համագործակցել Ռուսաստանի հետ` հօգուտ իրենց լուծելով նաև Ղարաբաղի հարցը: Եվ կա տեսակետ, որ եթե Ադրբեջանը հրաժարվի Նաբուկոյից, ոչինչ չի ստանա, որովհետև, միևնույն է, Ռուսաստանը որևէ աջակցություն Ղարաբաղի հարցում չի կարող ցուցաբերել Ադրբեջանին:
-Դուք մոռանում եք ամերիկյան գործո՞նը:
-Ոչ, չեմ մոռանում: Այսօր առաջացել է մի իրավիճակ, երբ թե՛ Ռուսաստանում, թե՛ ԱՄՆ-ում գնում է մեծ մրցակցություն Ադրբեջանի համար: Իսկ Ադրբեջանն ուժեղանում է դրանից: Ադրբեջանը հարցը թողնում է անորոշ վիճակում, որովհետև եթե որևէ կողմնորոշում դրսևորի, ասենք` պրոռուսական կամ պրոամերիկյան, արդյունքում նույն գերտերությունների մոտ կարող է համարժեք վերաբերմունք առաջանալ Հայաստանի նկատմամբ:
-Կբարիշե՞ն գերտերություններն Ադրբեջանի հարցում. գիտե՞ք` նրանք կռվում-կռվում են, հետո հանրագումարի են գալիս:
-Կան օբյեկտիվ շահեր, որոնց առանցքում այդ պայքարն ընթանում է: Կան շահեր, որոնց մակարդակում իրենք չեն կարող չհամագործակցել: Եվ պատկերացումը, թե մինչ այս այդ գերտերությունները շատ լավ հարաբերություններ են ունեցել, իսկ հիմա դրանք ահարկու վատացան, խիստ պրիմիտիվ է, որովհետև Ռուսաստանն ու ԱՄՆ-ը միշտ էլ եղել են մրցակցային պայքարի մեջ, այսօր ուղղակի վիճակը փոքր-ինչ փոխվել է:
-Արդյո՞ք Օսիայի և Աբխազիայի անկախացումն ԱՄՆ-ին ձեռնտու չէր` ա) Վրաստանին առանց բալաստ ՆԱՏՕ տանելու, բ) Սև ծովում «տեղավորվելու» համար:
-Եկեք հասկանանք` ինչո՞ւ հատկապես հենց հիմա Ռուսաստանը ճանաչեց Օսիայի ու Աբխազիայի անկախությունը: Այն պարզ պատճառով, որ Վրաստանի կարգավիճակը մնա անորոշ: Աներկբա է՝ հնգօրյա պատերազմից հետո այդ վիճակն իսկապես անորոշ է, որովհետև վրաց ժողովրդին շատ դժվար է համոզելը, որ այլևս չկան Աբխազիան ու Օսիան: Այդպիսի Վրաստանը դժվար կլինի ընդունել ՆԱՏՕ-ի կազմի մեջ: Ընդ որում, ես նաև կարծում եմ, որ Ռուսաստանը չի բավարարվելու այս իրավիճակով: Ռուսաստանը, իմ կարծիքով, պատրաստվում է որոշակի գործողություններ իրականացնելու Վրաստանում և մտահոգված է, որ այդ գործողությունների արդյունքում կտուժի նաև Հայաստանը:
-Գազային և այլ կարգի բլոկադանե՞ր:
-Ոչ միայն. ՌԴ Պետդուման վերջերս ընդունեց «Տնտեսական բլոկադայի մասին» օրենք, որին ոչ ոք մեզանում ուշադրություն չդարձրեց, բայց հասկանալի է, որ այդ օրենքը հատուկ ընդունվեց Վրաստանի համար:
-Երկու տարի առաջ, երբ Ռուսաստանը կոնկրետ` գազային բլոկադայի ենթարկեց Վրաստանը, վերջինս շատ արագ կողմնորոշվեց և Ադրբեջանով այլընտրանքային գազ ներմուծեց` ամերիկյան նույնքան օպերատիվ օգնությամբ:
-Բոլոր դեպքերում, Ռուսաստանում այս պահին քննարկվում են Վրաստանի նկատմամբ «այլ» միջոցառումներ ձեռնարկելու խնդիրները:
-Իր հերթին ԱՄՆ-ը 4,7 մլրդ դոլար է տրամադրում Վրաստանին, Եվրոպան էլ` 1 մլն եվրո:
-Սկսենք նրանից, որ Վրաստանին այս պահին ոչ մեկը դեռ ոչինչ չի տրամադրել: Ընդամենը որոշում է կայացվել: Եվ ապա` Վրաստանում չկա խողովակ, որով այդ գումարները հնարավոր լինի իրացնել. ենթակառուցվածքներ են պետք դրա համար, որոնք չկան:
-Փողը լինի, կգտնվի: Ենթակառուցվա՜ծք...
-Համաձայն չեմ: Եթե փողը լինի, բայց իրացման համակարգը բացակայի, շատ բարդ վիճակ կառաջանա` մի շարք առումներով:
-Դառնանք Հայաստանին. ի՞նչ է ուզում այսօր Ռուսաստանը Հայաստանից:
-Ռուսաստանը ցանկանում է Հայաստանի համար այլընտրանքային ենթակառուցվածք բացել Թուրքիայի միջոցով: Սրանից էլ առաջանում է ավտոմատ խնդիր` ռուսները շահագրգիռ են արագորեն «ստանալ» Ղարաբաղի խնդրի լուծումը: Ռուսաստանում կա երկու տեսակետ. առաջինը` քանի որ Հայաստանը, որպես Ռուսաստանի ռազմավարական դաշնակից, չի աջակցում Վրաստանի և տարածաշրջանի հետ կապված խնդիրներում, ապա Հայաստանն առնվազն չպետք է բողոքի իրենցից, ինչպես բողոքեց Վրաստանի հետ պատերազմի դեպքում` իր կրած վնասի համար:
-Կարծում եք` բլիցկրիգը շարունակություն կունենա՞ նոր պատերազմի տեսքով:
-ՈՒղղակիորեն չեմ բացառում:
-Կարծում եք` Ռուսաստանը նույն ջուրը երկրորդ անգամ մտնելը կմարսի՞. այն օրերին Օսիայում խաղաղապահություն էր իրականացնում, այդ պատրվակով մտավ, իսկ այս դեպքո՞ւմ:
-Միևնույն է` չեմ բացառում, որովհետև, ըստ էության, ռուսներն ուղղակի խնդիր են դրել բոլոր մեթոդներով խոչընդոտելու Վրաստանի, այն է` տարածաշրջանի ՆԱՏՕ-ացումը:
-Շարունակենք. ո՞րն է Ռուսաստանում առկա երկրորդ տեսակետը:
-Ռուսաստանն ամեն ինչ պետք է անի, որ Հայաստանն ունենա այլընտրանքային կոմունիկացիա: Ռուսական բոլոր վերլուծաբաններն ունեն մեկ քաղաքական բանաձև` Անդրկովկասն ու Հյուսիսային Կովկասն իրենցից ներկայացնում են մեկ միասնական էթնոքաղաքական համակարգ, և եթե այդ համակարգի որևէ մասը դուրս է գալիս ռուսական ազդեցության գոտուց, մտնում այլ ազդեցության դաշտ, ապա մյուս տարածքները դառնում են անընդհատ ճգնաժամի գոտի` իրենցից բխող մեծ վտանգներով, ինչն էլ կարող է դառնալ Ռուսաստանի փլուզման պատճառ: Սա ռուսները գիտակցել են իրենց ողջ պատմության ընթացքում, էլ առավել գիտակցում են այսօր:
-Փաստորեն, դեռ պետք է սպասենք նոր ցնցումների՞: Իսկ ի՞նչ է անում Հայաստանը, ի՞նչ է անում նրա նախագահն այս իրավիճակում. Եվրոպայից վերադառնում ու կրկին կամուֆլյա՞ժ է հագնում` այդ ամենին դիմակայելու համար. ի դեպ, այս անգա՞մ դեպ ուր է գնում:
-Կարծում եմ, Սերժ Սարգսյանն այս իմաստով, իսկապես, շատ ծանր վիճակի մեջ է, որովհետև, մի կողմից, նա ուզում է հայ-թուրքական հարաբերությունները բարելավել, մյուս կողմից` կա Թուրքիայի պահանջը Ղարաբաղի հետ կապված. պահանջ, որը նա չի կարող իրականացնել: Խնդիրն այն է, որ ոչ մի նախագահ չի կարող որոշում կայացնել Ղարաբաղի հետ կապված, որը կվտանգի թե՛ Հայաստանի, թե՛ Ղարաբաղի անվտանգությունը: Մյուս կողմից, եթե նա չի կատարում այդ քայլը, կանգնում է մի շարք այլ խնդիրների առաջ: ՈՒ թե Սերժ Սարգսյանը կարողանա հասնել հայ-թուրքական հարաբերությունները ղարաբաղյան խնդրից տարանջատելուն, նա հաջողության կհասնի:
-Առայժմ նա զբաղված էր Մոսկվայում հռչակագիր ստորագրելով, Եվրոպայում` «նոն ստոպ» տուրնե իրականացնելով:
-Մոսկովյան հռչակագիրը, ըստ էության, բովանդակային առումով իրենից ոչինչ չէր ներկայացնում: Պարզապես ֆորմալ առումով մտահոգիչ էր, որ այդ փաստաթղթի տակ ԼՂ-ի ստորագրությունը չկար: Հռչակագիրը Ռուսաստանի համար ընդամենը PR ակցիա էր. Ռուսաստանը փորձում էր Մինսկի խմբում «սվադեբնի գեներալի» մունդիրը, որը Մեծ Մերձավոր Արևելքի դեպքում պատկանում է իրեն, Կովկասյան խաղում պատվիրակել ԱՄՆ-ին: Որն էլ ինչ-որ իմաստով հաջողվեց: Առաջ ընկնելով ասեմ, որ դեկտեմբերին սպասվող վաշինգտոնյան հանդիպմանը, ըստ էության, նույնպես լուրջ փաստաթուղթ չի ստորագրվի: Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի, Ձեր բնորոշմամբ, եվրոպական տուրնեին, ապա այն ևս PR տարրեր ուներ, արդեն Արևմուտքի համար: Ս. Սարգսյանի եվրոպական այցը ցույց տվեց, որ ոչ միայն Ռուսաստանն է խաղի կողմ, այլև` Արևմուտքը: Ճիշտ է, ԱՄՆ-ի մոտ փոքր-ինչ խանդ կա Ռուսաստանում ստորագրված առանձնապես բան չնշանակող փաստաթղթի առումով, սակայն բոլոր կողմերն այդ հռչակագրից բավարարված են:
-Ո՞վ ինչով:
-Պայմանագրի ստորագրմամբ Մոսկվան փաստացի հասավ նրան, որ երեք կողմերն էլ ստորագրեցին փաստաթուղթ, որում ակնառու երևում է Ռուսաստանի երաշխավորի դերը կոնֆլիկտում: Ադրբեջանը հասավ նրան, որ Ղարաբաղի ստորագրությունն այդ փաստաթղթում չկար: Հայաստանի համար կարևոր էր, որ փաստաթուղթը մեսիջ էր Ադրբեջանին` կոնֆլիկտի լուծման ռազմական ճանապարհ գոյություն չունի: Արևմուտքին, որը հատկապես վրաց-օսական հակամարտությունից հետո մտահոգություն ուներ, թե ղարաբաղյան կոնֆլիկտում նույն բանը կկրկնվի, Ռուսաստանը մեսիջ հղեց` նման բան այս դեպքում լինել չի կարող:
Զրուցեց Կարմեն ԴԱՎԹՅԱՆԸ

Դիտվել է՝ 4208

Մեկնաբանություններ